Բրիտանացի ոստիկանները մտել են Էկվադորի դեսպանատուն` Ասանժին ձերբակալելու համար
Երեկ գիշեր Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն են մտել բրիտանացի ոստիկանները, որտեղ պահվում է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, տեղեկացնում է բրիտանական Press Association-ը:
Ասանժի կողմնակիցները` շուրջ 20 մարդ, ևս գիշերը հավաքվել են դեսպանատան մոտ, որպեսզի ոստիկանությանը թույլ չտան ձերբակալել նրան: Ոստիկանությունը, զգուշանացել է, որ նրանք կմտնեն դեսպանատուն և Ասանժի համար «կենդանի վահան» կդառնան:
Դեսպանատուն է մտել շուրջ 50 ոստիկան: Նրանք մտել են շենքի նախասրահ, սակայն շենքի այն հատվածը, որտեղ մնում է Ասանժը, դեռևս չեն մտել:
Նախօրեին Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Խատինոն հայտարարել էր, որ Բրիտանիայի իշխանությունները սպառնացել են, որ եթե Wikileaks-ի հիմնադրին չհանձնեն իրենց, Լոնդոնի ոստիկանությունը կմտնի Էկվադորի դեսպանատան տարածք և կձերբակալի նրան:
Երեկ տեղեկություն էր ստացվել, որ Էկվադորը համաձայնվել է ապաստան տրամադրել Ասանժին, սակայն ավելի ուշ այդ երկրի նախագահը հերքել էր այդ տեղեկությունը, նշելով, որ որոշում դեռ չի կայացվել:










