Ազնավուրն արդեն Վրաստանում է. այսօր նա համերգ կտա Ախալցխայում

12:50 • 16.08.12

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը երեկ գիշեր ժամանել է Թբիլիսի: Այսօր նա առաջին անգամ համերգով հանդես կգա Վրաստանում` Ախալցխայի «Ռաբատ» համալիրի բացմանը:


Ինչպես տեղեկացնում է Грузия онлайн-ը, հայտնի երգիչը մոտ մեկուկես ժամ շարունակ ելույթ կունենա 22 երաժիշտներից բաղկացած խմբի հետ:


Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ախալցխայում Ազնավուրին ջերմ ընդունելություն է սպասվում:


Անցյալ շաբաթ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ համալիրի բացումից հետո Ախալցխան դառնալու է վրացի ժողովրդի մշակութային կենտրոնը:


Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը սակայն, հայտարարություն էր տարածել` կոչ անելով Ազնավուրին համերգ չտալ թուրքական «Ահմեդիե» մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող վայրում: