Արմեն Դարբինյանը՝ չորրորդ իշխանությանը առաջին երեքից ավելի վատն է համարում

11:18 • 16.08.12

ՀՀ նախկին վարչապետ, ներկայում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այսպես կոչված՝ լրատվական խոտանին՝ կոչ անելով, որ ոլորտի առաջատար, իսկական լրագրողները չհանդուրժեն այն:


«Վաղուց է, ինչ դեղին մամուլը չէր անդրադարձել իմ անձին, արդեն սկսել էի անհանգստանալ: Փառք Տիրոջը, այսօր ինչ-որ ջրի պատմություն են հետս կապել: Նման որակի մամուլը չի՛ կարող «չորրորդ իշխանության» հավակնել: Մեր դաշտի լրագրողները չգիտեն, որ նման հավակնության համար նրանք պիտի լինեն առնվազն մնացած երեքից ավելի լավը: Այսօր՝ ավելի վատն են»,- գրառում է կատարել Արմեն Դարբինյանը, ինչի առիթը օրաթերթերից մեկում երեկ հրապարակված մի հոդված է, որում նկարագրվում է, թե ինչպես է Դարբինյանին պատկանող բնակարանի ջուրը լցվել ներքևի հարկում գտնվող խանութ և մեծ վնասներ հասցրել, իսկ նա հրաժարվում է փոխհատուցել:


«Նման որակի մամուլը չի՛ կարող «չորրորդ իշխանության» հավակնել: Մեր դաշտի լրագրողները չգիտեն, որ նման հավակնության համար նրանք պիտի լինեն առնվազն մնացած երեքից ավելի լավը: Այսօր՝ ավելի վատն են»,- շարունակել է ՀՀ նախկին վարչապետը՝ առաջարկելով լուծման իր տարբերակը:


«Լուծումը, կարծում եմ, հենց լրագրության պրոֆեսիոնալ ասպարեզում է. ոլորտի առաջատարները, իսկական լրագրողները չպետք է հանդուրժեն լրագրողական խոտանի առկայությունը իրենց կողքին: Արայիկ Մանուկյանը այս օրերին շատ դիպուկ ու անկեղծ անհանգստություն էր հայտնել այս կապակցությամբ: Արամ Աբրահամյանը, Սաթիկ Սեյրանյանը, մեր մնացած առաջատարները, կարծում եմ, անելիք ունեն այստեղ: Վստահ եմ նաև, որ որակյալ հասարակությունը նրանց սատար կկանգնի»,- եզրափակել է Արմեն Դարբինյանը:


Ի պատասխան այս կոչին՝ «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, հռետորաբար հարցնում է. «Իսկ մեր հասարակությունը որակյա՞լ է»: