Արաբ դեղագործը «հալալ» վիտամիններ է ստեղծել ամերիկացի մուսուլմանների համար
Արաբ դեղագործ Սեմ Ալավեհը դժվար խնդրի առջև է կանգնել, երբ իր հաճախորդներից մեկը հարցրել է, թե արդյո՞ք իրեն նշանակված վիտամինները որևէ «հարամ» բաղադրիչ են պարունակում: Ալավեհն անկեղծորեն պատասխանել էր, որ չգիտի:
«Ալ Արաբիա»-ն գրում է, որ դրանից հետո բժիշկը լայնածավալ ուսումնասիրություններ է անցկացել և պարզել, որ իրականում վաճառվող վիտամինների մեծ մասը «հարամ» բաղադրություն ունի, քանի որ դրանց կազմում կան «խոզային» ծագում ունեցող նյութեր, ինչպես օրինակ ժելատինն է:
«Դա ինձ ստիպեց մտածել, թե ինչպես կարելի է ընդունել առողջության համար կարևոր վիտամիններ և միևնույն ժամանակ «հալալ» լինել»,- նշել է Ալավեհը:
Հենց այս միտքն էլ երիտասարդին դրդել է ստեղծել «հալալ» վիտամիննների շարքը, որոնք չեն պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ: Այժմ դրանք վաճառվում են Դեթրոյթի արաբ-ամերիկյան սուպերմարկետում, սակայն Ալավեհը մտադիր է դրանց վաճառքն իրականացնել նաև համացանցի միջոցով, որ այլ քաղաքների մուսուլմանները ևս կարողանան դրանք գնել:










