Իրանի երկրաշարժը կարող է է'լ ավելի սրել իրանա-ադրբեջանական հարաբերությունները. Eurasianet

13:29 • 16.08.12

Իրանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժը կարող է կրկին խնդիրներ ստեղծել Ադրբեջանի և Իրանի դիվանագիտական հարաբերություններում, ասվում է Eurasianet.org-ում հրապարակված հոդվածում:


«Բաքուն խիստ անհանգստացած է ադրբեջանցիներով բնակեցված թաղամասերում աղետի հետևանքների վերացմանն ուղղված իրանական կառավարության գործունեությամբ»,- ասվում է հոդվածում:


Ըստ կայքի` երկրաշարժի կապակցությամբ ցավակացություն հայտնելուց հետո, նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել էր մարդասիրական օգնություն ուղարկել «դժվարության մեջ հայտնված հարևան երկրին», որից Իրանը սկզբում հրաժարվել էր:


«Ադրբեջանի այս քայլը հիմք է տալիս ենթադրել, որ Բաքվի ու Թեհրանի միջև վերջին շրջանում լարված հարաբերություններն անցել են մոռացության գիրկը»,- նշում է կայքը` հավելելով, որ Ադրբեջանի համբերությունն անսպառ չէ: «Բաքուն գտնում է, որ Իրանի կառավարությունը չպետք է այդպես վարվեր ադրբեջանցիների հետ: Փոխանակ երկրաշարժը մերձեցնի երկու երկրներին, այն կարող է է'լ ավելի սրել երկկողմ հարաբերությունները»,- նշվում է կայքում:


Անդրադառնալով այս հոդվածին, ադրբեջանական vesti.az-ը գրում է ,որ չի բացառվում, որ Իրանի նման վերաբերմունքը հանգեցնի նրան, որ Ադրբեջանի քաղաքական ուղեգիծն առավել հակվի Արևմուտքի կողմը:


Օգոստոսի 11-ին նախ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Ահար քաղաքում, իսկ շուտով դրան հաջորդել էր 6.3 մագնիտուդով ևս մեկը` ցնցելով Վարզաղանն ու Հարիսը: Այս երկու ցնցումներին հաջորդել են 50-ից ավելի հետցնցումներ, որոնցից մի քանիսի ուժգնությունը հասել է 4 մագնիտուդի: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 306, վիրավորվել մոտ 2000 մարդ:

 

Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սրվեցին հատկապես մայիսին իրանական իշխանությունների կողմից ադրբեջանցի 2 պոետների ձերբակալությունից հետո: