Սողանքների հետևանքով 10 անգամ ավելի շատ մարդ է զոհվում, քան ընդունված է կարծել

14:01 • 16.08.12

Սողանքների հետևանքով մարդկային զոհերի թիվը 10 անգամ ավելի մեծ է, քան ընդունված է համարել. ասված է Անգլիայի Դարհեմի համալսարանի նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակել է ամերիկյան Geology ամսագիրը:

 

7 տարում՝ 2004-2010թթ ընթացքում, աշխարհում 2620 սողանք է արձանագրվել, որոնք 32 322 մարդու մահվան պատճառ են դարձել:

 

Աշխարհում սողանքների մեծ մասը բաժին է ընկնում Հարավային Ասիային, Չինաստանին և Լատինական Ամերիկային: Իսկ ամենից հաճախ դրանք տեղի են ունենում ամռանը, հատկապես՝ ասիական մուսոնների շրջանում, խիտ բնակեցված անտառահատված տարածքներում:

Արևմտյան կիսագնդում ամենից շատ մահացու սողանքներ են գրանցվում Հաիթիում, Մեքսիկայից Կոլումբիա և Չիլի ձգվող բարձր լեռնային գոտիներում:

 

Ուսումնասիրության հեղինակները նշել են նաև, որ իրենց ուսումնասիրությունը օգտակար ուղեցույց է քաղաքական լուրջ որոշումներ կայացնողների համար:

Սողանքների հետևանքով 10 անգամ ավելի շատ մարդ է զոհվում, քան ընդունված է կարծել