Լիբանանում առևանգվել են «Սիրիական ազատ բանակի» ապստամբներ

01:00 • 16.08.12

Լիբանանյան շիա մուսուլմանական ազդեցիկ` Մեքդադ կլանի անդամները հայտարարել են տեղի հիվանդանոցներից մի քանի ապստամբ սիրիացիների առևանգման մասին:


Առևանգվածները «Սիրիական ազատ բանակի» մարտիկներ են և պայքարում էին Բաշար Ասադի վարչակարգի դեմ։ Նրանք առևանգվել են, ի պատասխան կլանի անդամներից մեկի՝ Սիրիայում պատանդ պահվելու, հաղորդում է BBC-ն:


Մեքդադ ընտանիքը հայտարարել է, որ պատանդ է վերցրել ավելի քան 20 սիրիացիների, որպեսզի ստիպի ազատ արձակել Դամասկոսոմ պահվող Հասան Մեքդադին:


«Մենք նրանց առևանգել ենք այն պատճառով, որ մեկ օր առաջ Սիրիայում առևանգվել էր մեր ընտանիքի անդամներից մեկը»,-հայտարարել է Աբու Ալի ալ-Մեքդադը, ով ներկայացնում է ընտանիքի շահերը:


Նրա խոսքով՝ գործողությունն անցել է առանց միջադեպերի և սիրիացի ապստամբները չեն տուժել:


Սիրիական ապստամբները պնդում են, որ Հասան Մեքդադը «Հեզբոլահի» անդամ է և կռվում է սիրիական կառավարության կողմից: Մեքդադ ընտանիքը, սակայն, դա հերքում է:


Սիրիացի ընդդիմադիր շատ գրոհայիններ, որոնք Սիրիայում մարտական գործողություններից վիրավորվել են, բուժում են ստանում հարևան Լիբանանում, ուր հավատակից սուննիները նրանց համակողմանի աջակցություն են ցուցաբերում: