Հայտնաբերված նոր կուտակման մեջ օրական 2 աստղ է ծնվում
ԱՄՆ-ի` Աստղագիտության Հարվար-Սմիթսոնյան կենտրոնի մասնագետները գալակտիկաների խոշոր կուտակում են հայտնաբերել, որը միանգամից մի քանի ռեկորդ կարող է գերազանցել: Այս մասին հայտնվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
«Փյունիկ» ոչ պաշտոնական անվանումը ստացած SPT-CLJ2344-4243 կուտակումը գտնվում է Երկրից 5,7 միլիարդ լուսատարի հեռավորության վրա:
Մասնագետների պնդմամբ` այն նմանատիպ կլաստերներից ամենամեծն է տիեզերքում: Բացի այդ, այն ռենտգենային ճառագայթման ամենահզոր աղբյուրներից է: Սակայն, մասնագետների համար առավել ուշագրավ է կուտակման անսովոր ակտիվությունը: Նրանց պնդմամբ, նման կուտակումներում առկա գալակտիկաները հիմնականում «քնած» են և նոր աստղեր չեն առաջացնում, սակայն «Փյունիկ»-ի գալակտիկայում ակտիվորեն աստղեր են առաջանում: Վերլուծելով տվյալները, գիտնականները եզրակացրել են, որ այդ գալակտիկայում տարեկան առաջանում է մոտ 740 աստղ: Շեշտվում է, որ տիեզերքում ոչ մի այլ կուտակում չունի «աստղածնման» նման մեծ արագություն:
Չի բացառվում, որ այս հայտնագործությունը կստիպի գիտնականներին վերանայել աստղերի առաջացման հարցում սև խոռոչների դերի մասին հիպոթեզները: Գալակտիկաների կենտրոններում գտնվող գերմեծ սև խոռոչների առկայությունը մինչ այժմ կապվում էր աստղերի առաջացման ցածր արագության հետ. Դրանք խոչընդոտում են գազերի սառեցմանը այն աստիճանի, որից հետո կարող է սկսվել աստղերի առաջացումը:










