Ութ բալից ավել երկրաշարժի դեպքում Աջափնյակի վթարային շենքերում փլուզումներ կլինեն. մասնագետ
Եթե Երևանում ութ բալանոց երկրաշարժ լինի, ապա Աջափնյակի վթարային շենքերը կունենան ճաքեր, իսկ 8 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժերի դեպքում կլինեն մասնակի և ամբողջովին փլուզումներ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը:
«Մինչև Սպիտակի երկրաշարժը Հայաստանում կառուցված ոչ մի շենք-շինություն չի համապատասխանում 9 բալանոց երկրաշարժերի սեյսմակայունությանը: Երևանում կան 4850 բազմաբնակարան շենքեր, որոնք սեյսմակայուն չեն»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ է անում պետությունն այդ ոչ սեյսմակայուն շենքերն ամրացնելու համար, Զավեն Խլղաթյանն ասաց, որ պետությունն այս պահին նման հնարավորություն չունի։
«Միլիարդավոր գումարների մասին է խոսքը, պետությունը չի կարող այս պահին ոչինչ ասել»,- ընդգծեց նա, սակայն չկարողացավ նշել, թե կոնկրետ խոսքը որքան գումարի մասին է:
Զավեն Խլղաթյանը նաև նշեց, որ վերջին տարիներին կառուցվող էլիտար շենքերը սեյսմակայուն են և ավելի ապահով են, քան խորհրդային տարիներին կառուցված շենք-շինությունները:
«Հյուսիսային պողոտայի, և այլ վայրերում կառուցված բոլոր բազմաբնակարան շենքերը մի քանի անգամ ավելի սեյսմակայուն են»,- եզրափակեց Զավեն Խլղաթյանը:










