Ֆիզիկոսները ածխածնի նոր գերկարծր կառուցվածք են ստացել, որը կարող է քերծել անգամ ադամանդը
Ամերիկյան գիտնականները գերկարծր ածխածնի նոր տեսակ են ստացել: Նոր հիբրիդային նյութը ամորֆ կոմպոնենտներից է: Այն իր կարծրությամբ և այլ բնութագրերով զգալիորեն գերազանցում է ադամանդին: Հետազոտությունը ներկայացված է Science ամսագրում:
«Մենք ածխածնի նոր ալլոտրոպ տարատեսակ ենք բացահայտել, որը ճնշմանը դիմակայելու ունակությամբ համադրելի է ադամանդի հետ: Նոր տեսակի ածխածինը բարձր ճնշման տակ մնում է կայուն, ինչպես և սովորական պայմաններում: Դա նշանակում է, որ այս նյութը կարելի է գործածել զանազան կիրառական նպատակներով», - բացատրել է ֆիզիկոսների խմբի ղեկավար Լին Վանգը ԱՄՆ Արագոն քաղաքի Կարնեգիի գիտության ինստիտուտից:
Գիտնականները «ածխածին-60»-ի գնդիկները լուծել են թթվի օրգանական լուծույթում, որի մոլեկուլները բաղկացած են ածխածնի ատոմների օղակներից և երկու մեթիլա պոչերից, և սկսել են փորձերը: Ֆիզիկոսները լուծույթը սեղմել են մեծ ճնշման տակ և հետևել են նրան, թե ինչպես է փոխվում նյութի բնույթը:
Փոքր ճնշման տակ նյութը անփոփոխ էր, սակայն 32,8 գիգապասկալ ճնշման տակ նյութի կառուցվածքը վերակազմավորման է ենթարկվել: Դրա արդյունքում ստացվել է նոր, գերկարծր նյութ, որը գերազանցում է ադամանդը, քանի որ կարող է քերծել այն և համադրելի ճնշումների է դիմանում, ինչքան որ իր բնածին «մրցակիցը»:
ՀԵտազոտման արդյունքում պարզվել է, որ նոր նյութը ոչ թե բյուրեղային այլ ամորֆ կառուցվածք ունի, ինչը չափազանց անսպասելի հայտնագործություն է:
Տեսականորեն ամորֆ կառուցվածքով գերկարծր նյութեր հնարավոր են, սակայն մինչ այս նման նյութեր չեն հայտնաբերվել:










