Audi TTS ռոբոտ ավտոմեքենան 190 կմ/ժ արագություն է զարգացնում բարդ վազքուղու վրա (տեսանյութ)
ԱՄՆ Սթենդֆորդի համալսարանի գիտնականների կողմից ստեղծված և ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգերով համալրված ռոբոտ ավտոմեքենան այժմ կարող է ավելի քան 190 կիլոմետր ժամում արագություն զարգացնել: Մեքենան կարող է մրցուղու վրա մրցակցել արհեստավարժ մրցարշավորդների հետ: Ռոբոտ մեքենայի արդյունքները մոտ են մարդկայիններին:
Թենդերհիլլ ավտոդրոմում ռոբոտ սպորտմեքենան 4,8 կմ վազքուղին անցել է 2,5 րոպեում, զարգացնելով ավելի քան 190 կմ/ժ արագություն: Տեխնիկայի այս հրաշքին անվանել են «Շելլի»: Նրան շարժման մեջ է դնում ավտոմատիկայի բարդ համակարգը, որը կառավարվում է հատուկ ստեղծված ծրագրով: Համակարգիչը հաշվարկում է թեքման և շրջադարձերի լավագույն հետագիծը, արգելակման լավագույն պահը և առավելագույն արագություն զարգացնելու հարմար վիճակը:
Ռոբոտ մեքենայի արդյունքները շատ մոտ են նրանց, ինչ այդ վազքուղում կարողանում են ներկայացնել միցարշավորդները: Սակայն, չնայած տեխնիկայի ողջ բարդությանը, այնուամենայնիվ, «Շելլին» լավագույն արշավորդներին մի քանի վայրկյան զիջում է:
«Մարդը այլ կերպ է վարում: «Շելլին» հստակ պահում է հաշվարկված հետագիծը, իսկ մարդը ավելի շատ հիմնվում է զգացողության և ինտուիցիայի վրա: Օրինակ, արշավորդը կարող է մեքենան չափազանց լայն հետագծով մեքենան ուղղորդել, եթե գիտի, որ դա կարող է օգնել հաջորդ ոլորանը ավելի լավ հաղթահարել», - բացատրում է ծրագրի ղեկավար Քրիս Ջերդեսը:
Բայց, գիտնականները մտադիր չեն բավարարվել ձեռքբերվածով: Նրանք նախատեսում են, բառի բուն իմաստով, մտնել արհեստավարժ մրցարշավորդների գլխի մեջ, որ հասկանան, թե ինչով են նրանք ուղղորդվում մրցարշավը հաղթելուն օգնող ոչ սովորական որոշումներ կայացնելիս:
Երկու հռչակավոր մրցարշավորդներ առաջիկա Rolex Monterey Motorsports Reunion մրցարշավի ժամանակ իրենց մարմնի և գլխի վրա կկրեն տվիչներ, որոնք կսկանավորեն բազմաթիվ պարամետրեր: Դա հետազոտական խմբին հնարավորություն կտա հասկանալ մեքենայի և մարդու լավագույն ցուցանիշների համադրությունը:
Հետազոտության արդյունքները կօգտագործվեն ռոբոտ ավտոմեքենաների ստեղծման ժամանակ, որոնք կկարողոնան առանց վարորդի տեղաշարժվել ընդհանուր օգտոգործման ճանապարհներով:
Մոտ ապագայում դրանք մեծ օգուտ կտան ավտոմեքենաների անվտանգությունը բարձրացնող և շատ մարդկանց կյանքեր փրկող ավտոմատ համակարգերի նախագծման ասպարեզում:










