Երկու օրում Սիրիայում երկու հայ է զոհվել, սակայն Հալեպում որոշակի բարելավում կա

16:12 • 18.08.12

Սիրիայում կառավարական զորքերի և ընդդիմադիր զինյալների միջև շարունակվող բախումների հետևանքով վերջին օրերին Հալեպում և Դամասկոսում Սիրիայի երկու հայազգի քաղաքացիներ են զոհվել:


Tert.am-ի հետ զրույցում Հալեպի առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ հայ համայնքի ներկայացուցիչների զոհվելը հայ համայնքի դեմ ուղղված որևէ քայլի հետևանք չէ:


«Դամասկոսի միջադեպի մանրամասնություններին տեղյակ չեմ, սակայն երեկվա միջադեպը, որի ընթացքում տարեց հայ կին մը զոհվեց, զոհվեց պատահական կրակոցների ընթացքին: Կըրնա նույն ձևով պատահական փամփուշտը ցանկացած մեկին դիպչել և վիրավորել»,- ասաց Ռեյիսյանը:


Նա նշեց, որ Հալեպում պայթյունի հետևանքով նաև մեկ հայ երիտասարդ է վիրավորվել՝ դարձյալ պատահականության արդյունքում:


Հալեպահայ համայնքի ներկայացուցիչը նշեց, որ վերջին երկու օրերին իրավիճակը Հալեպում շատ չի փոխվել, հակամարտությունը նույն ձևով շարունակվում է, չնայած կառավարական զորքերը կարողացել են հսկողության տակ վերցնել որոշ շրջաններ, սակայն պայքարը դեռ շարունակվում է:


«Քաղաքը որոշ չափով բարելավված վիճակ ունի: Հատկապես էլեկտրականության հարցով կամ ծառայողական բաժիններու մեջ, սակայն տակավին ինտերնետային, հեռակապային միջոցները նորմալ չեն: Բայց կրկին նշեմ, որ բարելավում կա: Մի քանի օր առաջ հեռաձայնային կապ ալ չկար»,-ասաց Ժիրայր Ռեյիսյանը:


Նա նշեց, որ թեև բախումները հայկական թաղամասերից հեռու են, սակայն երբեմն հասնում են նաև այստեղ և անցողիկ ու կարճ բախումներ տեղի են ունենում նաև այստեղ և հայերն զգուշություն են ցուցաբերում:


Երեկ Հալեպում պատահական գնդակից զոհվել էր 76-ամյա Ադելինա Խաչերյանը, իսկ այսօր Դամասկոսում 38-ամյա հայ տղամարդ է զոհվել: