Դեռ Խորհրդային Միությունում են հասկացել, որ Թեժ սարի հանքը պետք չէ շահագործել. բնապահպաններ
Կոտայքի մարզում գտնվող Թեժ սարի հանքավայրի շահագործումը դեռ Խորհրդային Միության շրջանում ուսումնասիրվել և հաստատվել է դրա շահագործման պլանը, գումար է տրամադրվել, բայց, հաշվի առնելով նաև բնապահպանական խնդիրները, հետագայում չի շահագործվել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:
Նա նշեց, որ այս տարի «Ալյումին քորփորեյշն» ՍՊԸ-ին շրջակա տարածքի հետախուզում իրականացնելու թույլտվություն է տրվել։
«Շատ բարդ եղավ հասկանալ, թե այդ ՍՊԸ-ն որտեղից է առաջացել և ինչով է զբաղվում, քանի որ այն հանքարդյունաբերության ոլորտում պատմություն չունի»,– նկատեց Լևոն Գալստյանը:
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես հենց այդ ընկերությունը այս հսկայական հանքը շահագործելու իրավունք ստացավ։
«Հանրային լսումները մի քանի անգամ հետաձգելուց հետո, ՍՊԸ-ի կողմից եկել էր մի մարդ, որը ոչ մի հարցի չէր կարողանում պատասխանել: Լսումները, կարելի է ասել, ձախողվեցին»,-ավելացրեց նա:
Լևոն Գալստյանը Թեժ սարի հանքավայրի շահագործման նախագծի օրինակով նշեց, որ գրեթե բոլոր հանքավայրերի նախագծերը թերի են և պատշաճ աշխատանք իրականացված չէ:
«Հանքի շահագործման դեպքում գնահատված չէ շրջակա միջավայրը: Օրինակ՝ թեժ լեռան տարածքում կան գետեր, անտառներ, որոնք բավական մոտ կլինեն սարին»,– բացատրեց նա:
«Նախագծում չկա որևէ աշխատանք այս ուղղությամբ, որևէ թիվ, ցուցանիշ։ Ընդհանրապես բոլոր նախագծերն էլ կարծես մի տեղից վերցված լինեն և միայն անվանումներն են փոխված»,- նշեց նա։
Գալստյանի խոսքով՝ Բնապահպանության նախարարությունը երբեք չի խորանում որևէ հարցի մեջ՝ հասկանալու, թե արդյոք տվյալ ընկերությունն արժանի է հանքարդյունաբերություն իրականացնելու թույլտվություն ստանալուն:
Մամուլի ասուլիսին ներկա բնապահպան Ինգա Զառաֆյանն իր հերթին նշեց, որ Խորհրդային Միության շրջանում, թեև մեծ աշխատանքներ են իրականացվել հանքի շահագործման համար, սակայն հաշվի առնելով հասարակական շահը, դրանք դադարեցվել են:
«Ժամանակին ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը՝ հաշվի առնելով, որ սարից 15-20 կմ հեռավորության վրա մանկական ճամբարներն են, ասաց, որ մեզ առողջ երեխաներ են անհարժեշտ: Թեև մեծ ծախսեր էին արդեն արվել, բայց փակվեց այդ նախագիծը, որովհետև թափոնների վնասազերծման տեխնոլոգիան մինչև վերջ մշակված չէր և մենք հասկացանք, որ մեծ վտանգի ենք ենթարկված»,-ասաց նա և ընդգծեց, որ սարի տարածքում եզակի քաղցրահամ ջուր կա, կարմրախայտ ու արջեր կան:
Ինգա Զառաֆյանը նաև ասաց, որ Թեժ սարի շուրջն ամբողջությամբ անտառներ են, որոնց մի մասը արոտավայրեր են համարվում և որպես արոտավայր այն օգտագործում է լիովին, ինչը նշանակում է, որ հանքավայրի շահագործման դեպքում տեղի բնակչության համար նաև արոտավայրերի խնդիր կառաջանա:










