Բրիտանական սուպերմարկետները մեղադրվում են ծորակի ջուր վաճառելու մեջ
Բրիտանական Tesco և Asda սուպերմարկետների ցանցը վաճառում է ծորակից հոսող սովորական ջուր, գրում է The Daily Mail-ը: Թերթը հաշվել է, որ սովորական ջրի վաճառքից ընկերություններն ունենում են 2500% շահույթ:
Հատուկ այս ցանցերի համար պատրաստվող ջրի 2 լիտրանոց շիշն արժե 17 փենս: Համեմատության համար թերթը նշում է, որ ֆրանսիական հայտնի Evian ապրանքանիշի 2 լ-ոց հանքային ջուրն արժե 88 փենս: Թերթը վստահեցնում է, որ սուպերմարկետները շշալցնում են սովորական ջուր, որը զտվում է ու հանվում վաճառքի:
Ցանցերի ներկայացուցիչները խոստովանել են, որ վաճառվող ջուրը ծորակից է: Սակայն Tesco-ն վստահեցնում է, որ իրենց արտադրանքը չի կարելի ծորակից հոսող ջուր անվանել, քանի որ այն զտվում է, քլորից մաքրվում ու նոր միայն վաճառվում:
Այս սկանդալը զայրացրել է նաև բրիտանական Water UK ընկերությանը, որը պատասխանատու է երկրի ջրամատակարարման համար: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է թերթին, որ ջրատար խողովակն այնքան լավ է մաքրված, որ այն զտելու կարիք չկա: Նրա խոսքով` վերցված նմուշները 99.96% տոկոսով ապացուցել են, որ այն բացարձակ անվտանգ է:










