Հյուսիսային Իրաքում եզդիներին ցեղասպանում են, ահազանգում են Հայաստանի եզդիները

13:48 • 18.08.12

Հյուսիսային Իրաքի տարբեր շրջաններում եզդի փոքրամասնության բազմաթիվ ներկայացուցիչներ սպանվել են՝ ազգային հողի վրա. այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Սայիդ Ավդալյանը:


«Այսօր Հյուսիսային Իրաքում ազգային հողի վրա եզդիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում: Իրաքի օրենքներով՝ եզդիները զրկված են տարրական իրավունքներից. նրանք չեն կարող անգամ որպես վկա հանդես գալ դատարանում կամ հայց ներկայացնել, նրանք կարող են հանդես գալ միայն որպես ամբաստանյալներ»,- ասաց նա:


«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանն իր հերթին նշեց, որ քրդերը եզդիներին բռնի քրդացնելուն ուղղված քաղաքականություն են իրականացնում:


«Եզդիներն ու քրդերը ոչ մի նմանություն չունեն, բացի որոշակի հատվածի հետ ունեցած լեզվական նմանությունից: Իսկ դա նույնացման համար հիմք չի տալիս, քանի որ աշխարհում շատ երկրներ կան, որ միևնույն լեզվով են խոսում, սակայն առանձին պետություններ և ազգեր են»,- ասաց Բորիս Թամոյանը:


Քրդերն իրենց համարում են մարեր, իսկ եզդիները իրենց շումերներ են համարում: Սակայն Հյուսիսային Իրաքում, որտեղ ստեղծվում է Քուրդիստան պետությունը, բնակվում են որոշակի եզդիական խմբեր, որոնց ստիպում են որպես քրդեր գրանցվել:


Եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները պնդում են, որ քրդերի նպատակները Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից վտանգավոր կարող են լինել, քանի որ Հայաստանի 1500 գրանցված քրդերը փորձում են 60 հազարանոց եզդի համայնքին ներկայացնել որպես քրդեր, իսկ հետագայում կարող են նաև տարածքային պահանջներ ներկայացնել:


Եզդիները դիմել են ՀՀ կառավարությանը, նախագահին և կուսակցություններին՝ ճանաչելու Հյուսիսային Իրաքում եզդիների հանդեպ իրականացվող ցեղասպանությունը: