Քոբուլեթիի ճանապարհին շրջվել է հայկական համարանիշներով մեքենա. Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 13.40-ին քաղաքացի Ա. Գասպարյանից ահազանգ է ստացվել, որ Վրաստանի հանրապետության տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, ավտոմեքենայում եղել են վերջինիս որդին և հարազատները, քաղաքացին ցանկանում է նրանց մասին տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կայքից:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ավտոմեքենայի վարորդի հետ. պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը՝ օգոստոսի 18-ին, ժամը 06.00-ի սահմաններում՝ Սամտրեդիա-Քոբուլեթի ավտոճանապարհին:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 25 ՏՕ 038 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` 8-ամյա Մարի և 31-ամյա Լիլյա Մովսիսյանները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
Կապ է հաստատվել նաև Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, ովքեր վստահեցրել են, որ ամեն ինչ արվում է մեր հայրենակիցներին օգնելու համար:










