Սիրիացի ընդդիմադիրները պնդում են, թե վերահսկում են Հալեպի հայկական դպրոցներից մեկի և Ազգային Առաջնորդարանի շրջակայքը (տեսանյութ)
Facebook սոցիալական ցանցի սիրիահայության խմբերում տարածվել է տեսանյութ, որում սիրիացի ընդդիմադիրները պնդում են, որ գրավել են Հալեպի Ժդայդե թաղամասը:
Ըստ տարածված տեղեկատվության` այդ թաղամասից մոտ 100 մետր հեռավորությամբ գտնվում է Կիլիկիան վարժարանը, իսկ 400 մետր հեռավորությամբ` Ազգային առաջնորդարանը:
Tert.am-ը փորձեց Հալեպի հայ համայնքից ճշտել ստացված տեղեկատվությունը, սակայն չհաջողվեց, քանի որ արդեն երկու օր է Հալեպում դարձյալ չի գործում բջջային ու քաղաքային հեռախոսակապը, իսկ ինտերնետն անջատված է արդեն մեկ շաբաթից ավելի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը հաստատել էր Սիրիայում ևս երկու հայերի զոհվելու մասին տեղեկությունը, սակայն նշել էր, որ նրանք զոհվել են ոչ թե հայ համայնքի դեմ ուղղված գործողությունների արդյունքնում, այլ պատահականության հետևանքով` պատահական գնդակներից:
Հալեպահայ համայնքի ներկայացուցիչը նշել էր, որ վերջին երկու օրերին իրավիճակը Հալեպում շատ չի փոխվել, հակամարտությունը նույն ձևով շարունակվում է, չնայած կառավարական զորքերը կարողացել են հսկողության տակ վերցնել որոշ շրջաններ, սակայն պայքարը դեռ շարունակվում է:
Նա տեղեկացրել էր, որ որ թեև բախումները հայկական թաղամասերից հեռու են, սակայն երբեմն հասնում են նաև այստեղ և անցողիկ ու կարճ բախումներ տեղի են ունենում նաև հայկական թաղամասերում:










