Հայաստանը 57 մլն դրամի գույք է ուղարկել երկրաշարժից տուժած Իրան

15:43 • 20.08.12

Հայաստանը հումանիտար օգնություն է ցուցաբերել օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած Իրանի Իսլամական Հանրապետության բնակչությանը՝ հատկացնելով մոտ 57 մլն դրամ ընդհանուր արժեքի գույք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա նշեց, որ երկրաշարժի հենց առաջին օրվանից ՀՀ նախագահի հանձնարարությամբ ինքը կապ է հաստատել իրանցի գործընկերների հետ և պարզել, թե ի՞նչ է անհրաժեշտ երկրաշարժից տուժած բնակչությանը:

 

«Մենք ուղակում ենք այն հիմնական պարագաները, որոնք անհրաժեշտ են լինում երկրաշարժից հետո: Երկրաշարժի հենց առաջին օրվանցից ՀՀ նախագահը հանձնարարել էր ինձ կապվել իմ գործընկերների հետ և մենք պատրաստ ենք, եթե կարիք լինի երկրորդ անգամ ևս օգնություն ուղարկել: Մենք տեսել ենք Սպիտակի երկրաշարժը և գիտենք, թե ինչ է նշանակում այդ պահին աջակցություն ստանալը»,- ասաց ԱԻ նախարարը:


Արմեն Երիցյանը նշեց, որ իրանցի գործընկերներին առաջարկել է նաև հայ փրկարարների օժանդակությունը, բայց Իրանը հրաժարվել է ասելով, որ իրենք ունեն անհրաժեշտ ուժեր:


Նշենք, որ Հայաստանն Իրան է ուղակել 26 հազ. տուփ տարբեր պահածոներ, 40 հազ. լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ կարող են տեղավորվել շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6 հազ. սավան, 300 ներքանակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ: Այս օգնությունը ուղարկվել է օգոստոսի 17-ին՝ 5 մեքենաներով և «ԿԱՄԱԶ» մակնիշի կցորդիչներով:

 

Երեկ երեկոյան մարդասիրական օգնությունը հանձնվել է Իրանի Ջուլֆա քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Արևելյան Ատրպատականի ճգնաժամային շտաբին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն օգոստոսի 16-ին կայացած նիստում որոշում ընդունեց մարդասիրական օգնություն ցուցաբերել 2012թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը: