Մարդկության 1%-ն իրեն ասեքսուալ է համարում
Առայսօր մարդկությանը հայտնի էին սեռական 3 կողմնորոշումներ. այժմ դրանց թվին են ավելացել նաև ասեքսուալները, որոնք կազմում են աշխարհի բնակչության 1%-ը, գրում է Daily Mail-ը:
Ասեքսուալներն իրենց իսկ բնորոշմամբ այն մարդիկ են, ովքեր ընդհանրապես սեռական հակումներ չունեն: Ոլորտի առաջատար մասնագետներից մեկը` Էնթնի Բոգերթը, գտնում է, որ ժամանակակից մշակույթի սեքսուալացումը հանգեցրել է նրան, որ մարդկանց սեռական զգացմունքները պարզապես «անջատվել են», ինչի հետևանքով աշխարհում 70 մլն մարդ ընդհանրապես ֆիզիկական ձգողություն չի զգում մյուսների նկատմամբ:
Գալիք ամիս այս թեմայով Understanding Asexuality (Հասկանալով ասեքսուալիզմը) խորագրով գիրք է լույս տեսնելու, որում մասնավորպես նշվում է, որ ասեքսուալների թիվն այնքան մեծ է, որ այն պետք է բնորոշվի որպես 4-րդ սեռական կողմնորոշում:
Մասնագետներն այն կարծիքին են, որ ասեքսուալները միշտ էլ գոյություն են ունեցել, սակայն միայն նոր են սկսել երևան գալ, ինչին նպաստել է հասարակության ավելի ազատամիտ դառնալը:
Վերջերս Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման ընթացքում բազմաթիվ ասեքսուալներ ասել են, որ ունեն սիրելի կողակիցեր, ցանկանում են նրանց հետ համատեղ երեխաներ ունենալ, սակայն չեն կարողանում և չեն ցանկանում սեռական հարաբերությունների մեջ մտնել: Ուստի ժառանգ ունենալը պատկերացնում են միայն արհեստական բեղմնավորման միջոցով, որը հնարավորություն է տալիս խուսափել սեռական ակտից:










