Առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանումը Դիանա Սիրունյանի առողջական վիճակի վերաբերյալ
Օգոստոսի 18-ի երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ընդունված Դիանա Սիրունյանը, ով անգիտակից վիճակում է, այսօր առավոտյան կրկին ենթարկվել է համակարգչային տոմոգրաֆիայի: Դրական փոփոխություններ չեն հայտնաբերվել, իսկ գլխուղեղում ավելացել են նաև իշեմիկ զոնաներ: Այս մասին Tert.am –ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը՝ հայտնելով, որ աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
«Դիանան հիվանդանոց ընդունվել էր ծայրահեղ ծանր վիճակում, նրան միանգամից միացվել է արհեստական շնչառության ապարատ, կատարվել է համակարգչային որովայնի, կրծքավանդակի ու գլխի համակարգչային տոմոգրաֆիա՝ հետազոտություն»,- ասաց Ա. Հայթայանը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ Դիանայի որովայնում արտառոց բան չի հայտնաբերվել, կրծաքվանդակում հայտնաբերվել է երկկողմանի պնևմոհեմոթորակտ և թոքերի ծանր սալջարդ, կատարվում է դրենաժավորում, որպեսզի հավաքված հեղուկն ու արյունը դուրս գան, որը նորմալ գործում է: Դեմքը բազմաթիվ վնասվածքներ ու բեկորային կոտրվածքներ ունի, առկա են՝ գլխուղեղի ծանր սալջարդ և արյունազեղում՝ հեմոտոմա:
Հիշեցնենք, որ Դիանան իրեն ցած էր նետել հինգերորդ հարկից՝ լսելով իր հոր՝ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ՝ 41-ամյա Սուրեն Սիրունյանի մահվան բոթը:
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ այսօր Դիանային զննելու համար հրավիրվել է նաև նյարդավիրաբույժ Անատոլի Գնունին:
Լուսանկարում Սուրեն Սիրունյանի ընտանիքն է, ձախից՝ կինը, մեջտեղում՝ Դիանան, աջից՝ ինքը՝ Սուրեն Սիրունյանը
Լուսանկարը՝ Blognews.am-ից










