Սոմալիում այսօր կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգվել են անորոշ ժամանակով

13:05 • 20.08.12

Սոմալիում այսօր նախատեսված նախագահական ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվել են` խորհրդարանում պատգամավորների ոչ բավարար թվի պատճառով, որոնք պետք է ընտրեին նախագահին, հայտնում է rus.ruvr.ru-ն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նորընտիր խորհրդարանում այսօր 275 պատգամավորի փոխարեն զբաղեցված է ընդամենը 225 աթոռ: Այսօր պետք է տեղի ունենա նրանց երդման արարողությունը, իսկ նախագահական ընտրությունները հետաձգվել են մինչ օրենսդրական մարմնի ձևավորման ավարտը:

 

Այս ընտրությունները կարող են վերջ դնել իշխանության ղեկին գտնվող անցումային դաշնային կառավարությանը` ներկայիս նախագահ Շարիֆ Շեյխ Ահմեդի գլխավորությամբ: Միջազգային հանրությունը քննադատում է ներկայիս նախագահ Ահմեդին` իր պաշտոնավարման տարիներին կոռուպցիայի աճի պատճառով:


Նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել ներկայիս նախագահ Շարիֆ Շեյխ Ահմեդը, վարչապետ Աբդիվելի Մոհամեդ Ալին և խորհրդարանի խոսնակ Շարիֆ Հասան Շեյխ Ադենը:

 

Սոմալին դադարել է որպես մեկ միասնական պետություն գոյություն ունենալ 1991թ.-ից` Մոհամեդ Սիադ Բարեի ռեժիմի տապալումից հետո, ով երկիրը կառավարում էր 1960-ականների վերջերից: Ներկայում որպես միասնական օրինական իշխանություն միջազգային հանրությունը համարում է Սոմալիի դաշնային կառավարությանը, սակայն այն կառավարում է միայն երկրի որոշ շրջաններ: