Հոկտեմբերից կդադարեցվի Երևան-Լոնդոն-Երևան չվերթը
Հոկտեմբեր ամսից «Բրիտանական ավիաուղիներ» ընկերությունը կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում. «Սկսած հոկտեմբեր ամսից, որն ավիացիայի մեջ համարվում է ձմեռային նավիգացիոն շրջան, կդադարեցվի Երևան-Լոնդոն-Երևան չվերթը», -Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Ըստ նրա, Հայաստանում ավիաընկերությունն իր ծառայությունը դադարեցնում է, քանի որ գտնում է՝ ֆինանսական տեսանկյունից այն եկամտաբեր չէ:
Նելլի Չերչինյանը չի կարող նշել, թե հոկտեմբերից հետո Երևան-Լոնդոն թռիչքներ կիրականացվե՞ն, թե՝ ոչ. «Այս պահի դրությամբ չի իրականացվում Երևան-Լոնդոն-Երևան չվերթը: Թե ո՞ր ավիաընկերությունը կիրականացնի հիշյալ չվերթը, հայտնի չէ: Պարզ լինելուց հետո նաև կորոշվի սակագների հարցը»,- ասաց նա:
Նելլի Չերչինյանը չի կարող ենթադրություններ անել, թե այլ ավիաուղիներ ևս կհետևե՞ն «Բրիտանական ավիաուղիների» օրինակին: Այս պահի դրությամբ, ըստ նրա, նման միտում չկա:
Նշենք, որ Երևան-Լոնդոն-Երևան չվերթն իրականացնում էր բրիտանական BMI ընկերությունը, որը վերջերս վաճառեց այն «Բրիտանական ավիաուղիներ»-ին: Սակայն վաճառքից հետո էլ Երևան էին թռչում ոչ թե «Բրիտանական ավիաուղիներ»-ի, այլ BMI ընկերության ինքնաթիռները:










