Դանիական ծագման ձկան արհեստական կերը կրկնակի օգուտ է. Բարդուխ Գաբրիելյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու է իր համաձայնությունը տվել դանիական կերերի միջոցով Սևանում ձկնաբուծությունը զարգացնելու կոմերցիոն նախաձեռնությանը:
Նրա կարծիքով՝ անտեղի է բնապահպանների անհանգստությունը, ըստ որոնց, արհեստական կերերը վտանգավոր են, քանի որ նրանց համոզմամբ՝ բացի ազոտից և ֆոսֆորից կերի մեջ կարող են լինել նաև հորմոնային նյութեր:
«Չգիտեմ ինչի վրա է հիմնավորված բնապահպանների վրդովմունքը։ Ես տվել եմ հավանություն ընդհանուր գաղափարին, քանի որ ընդհանուր այն շատ լավն է, նախատեսում է պոպուլյացիայի ավելացում և՛ լճում, և՛ ինչու չէ, կոմերցիոն առումով. ստանալով վաճառքի համար անհրաժեշտ իշխանի պաշարները՝ այն կնվազեցնի նաև վայրի պոպուլյացիայի ճնշումը, այսինքն՝ եթե կողքից վաճառեն 5 անգամ էժան ձուկ, որսագողերը չեն մտնի այդ ձուկը բռնեն»,-բացատրեց նա:
Ինչ վերաբերում է արհեստական կերերի բաղադրությանը, Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ իրենց այն ներկայացվել է, և ինքն անձամբ է տեսել այդ կերերի բաղադրությունը:
«Դանիական ընկերության կերեր են, էկոլոգիապես բավական մաքուր կեր էր»,-ասաց նա և ավելացրեց, որ իրենք ամեն դեպքում պայման են դրել նախաձեռնության հեղինակների առաջ:
«Այդ կազմակերպության դեմ պայման դրեցինք, որ սկզբից պետք է պիլոտային պրոյեկտ լինի,այսինքն՝ միանգամից մեծ մասշտաբներով չաճեցվի, այլ դա մի տեղ լինի, իսկ մեր կողմից պետք է հսկողություն սահմանվի»,– ասաց նա՝ ավելացնելով, որ հսկողություն կսահմանվի տարածքի անողնաշարային կենդանիների, այլ տեսակի ձկների և բուսական աշխարհի նկատմամբ։
Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ կանցկացվի նաև հիդրոքիմիական հսկողություն: «Այդ դեպքում մենք կարող ենք պատասխան տալ, եթե զգանք, որ այնտեղ նյութ է ավելանում, որ ինչ-որ տոքսիկներ են ավելանում կամ այլ տեսակի աղտոտիչներ, պարզ է, որ կկանգնեցվի և չի շարունակվի, համենայն դեպս, մենք այդպիսի առաջարկ կտանք»,- ասաց նա:
Նշենք, որ ծրագիրը 5 ամիս է տևելու: Սևանա լճում արդեն ավարտվում է ձկնաբուծարանի կառուցումը, որտեղ պետք է բուծվի Սևանի իշխան: Լճի մի մասն արդեն ցանցավանդակներով է պատված: Նախագծով իշխանի մանրաձուկը սահմանափակ ժամանակահատվածում` մինչև լճի սառելը, պետք է 30 գրամից հասնի 350 գրամի, ժամկետը մինչեւ 2012թ. նոյեմբերն է: Դրա համար ձկները կկերակրվեն արհեստական կերով:










