Ինգուշեթիայում եռօրյա սուգ է հայտարարվել

10:23 • 20.08.12

Ինգուշեթիայում եռօրյա սուգ է հայտարարվել` ի հիշատակ նախօրեին մի ոստիկանի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի, հայտնում է «Ռոսսիա 24»-ը:

Բոլոր զվարճալի հաղորդումները հետաձգվել են մինչև օգոստոսի 22-ը: Բացի այդ, տարածաշրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:


Նախօրեին մահապարտը պայթեցրել էր իրեն օգոստոսի 18-ին սպանված մի ոստիկանի հուղարկավորության ժամանակ: Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, իրավապահները կարծում են, որ չարագործները հատուկ են սպանել ոստիկանին, որպեսզի նրա հուղարկավորության ժամանակ ահաբեկչություն իրականացնեն:


Մահապարտը եղել է հանցավոր մի խմբի 34-ամյա անդամ Խամզատ Ալդիևը:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է Ներքին գործերի նախարարության 7 աշխատակից, ևս 15-ը` վիրավորվել, նրանց մեծ մասը ոստիկաններ են:Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանցից ոմանք այսօր կտեղափոխվեն Մոսկվա:


Հանրապետության իշխանությունները զոհերի ընտանիքներին որպես փոխհատուցում կվճարեն 100.000-ական ռուբլի: 50.000 ռուբլի էլ կստանան վիրավորների ընտանիքները: Բացի այդ, իր հերթին փոխհատուցում կվճարի նաև ՆԳՆ-ն, սակայն գումարի չափը չի նշվում: