Հարավային Կորեայի նախագահի պաշտոնին հավակնում է սպանված բռնապետի դուստրը

14:25 • 20.08.12

Հարավային Կորեայի իշխող «Սենուրի» կուսակցությունն ընտրել է դեկտեմբերի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների իր թեկնածուին: Ինչպես հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով հարավկորեական «Ռենհապ» գործակալությանը, անցկացված փրայմերիզի արդյունքում հաղթանակ է տարել կուսակցության առաջնորդ, սպանված բռնապետ Պակ Չոն Հիի դուստր Պակ Կըն Հեն:

  

Փրայմերիզի արդյունքում, որի ժամանակ հաշվի են առնվում կուսակցության պատվիրակների ու շարքային անդամների ձայները, ինչպես նաև սոցհարցումների արդյունքները, Պակ Կըն Հեն հավաքել է ավելի քան 86% ձայն:

 

Պակ Կըն Հեն առաջին անգամ չէ փորձում մասնակցել նախագահական ընտրություններին: 2008թ.-ին անցկացված կուսակցության փրայմերիզում նրան առաջ է անցել գործընկեր և ներկայիս նախագահ Լի Մեն Բակը: Ըստ օրենքի` վերջինս չի կարող վերընտրվել այս պաշտոնում, և կուսակցությունը պետք է ընտրի նոր թեկնածուի:


Պակ Կըն Հեի հիմնական մրցակիցն ընտրություններում կլինի ընդդիմադիր Ժողովրդավարական միավորված կուսակցության թեկնածուն, ով դեռ հայտնի չէ:

 

60-ամյա Պակ Կըն Հեն «Սենուրի» կուսակցությունը նախագահել է (ավելի վաղ կուսակցությունը կոչվում էր «Հանարա», այս տարվա փերվարից`«Սենուրի») 2004-2006, ինչպես նաև 2011-2012թթ.: Այս տարի անցկացված խորհրդարանական ընտրություններում «Սենուրի»-ն անսպասելի հաղթել է Ժողովրդավարական կուսակցությանը` խորհրդարանում զբաղեցնելով 152 տեղ:


Նրա հայրն իշխանության է եկել 1961թ.-ի պետական հեղաշրջման արդյունքում: Նա սպանվել է 1979թ.-ին իր իսկ համախոհի կողմից: Պակ Կըն Հեն միշտ ուղեկցել է հորն իր բոլոր հանդիպումների ու շրջագայությունների ժամանակ, ինչի համար նրան անվանել են երկրի առաջին տիկին: Հաղթանակի դեպքում նա կլինի Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին կին նախագահը: