Կարակասում կիսամերկ աղջիկները պահանջել են վերադարձնել Մատիսի կտավի բնօրինակը
Մոտ 20 աղջիկներ, ում հագին եղել են միայն կարմիր տաբատներ, հավաքվել են Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի ժամանակակից արվեստի թանգարանի մոտ և պահանջել թանգարանին վերադարձնել Անրի Մատիսի «Կարմիր տաբատով օդալիսկը» կտավի բնօրինակը, գրում է The Guardian-ը:
Ակցիան, որը կազմակերպել էր վենեսուելացի նկարիչ Վիոլետա Բուլեն, տեղի է ունեցել մոտ մեկ ամիս հետո, երբ Մայամիում հայտնաբերվել էր մի կտավ, որը ենթադրաբար Մատիսի օրիգինալ կտավն է:
3 մլն արժողությամբ կտավը փնտրվում էր մոտ 10 տարի՝ Ինտերպոլի, ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Վենեսուելայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ոստիկանության մասնակցությամբ:
1925թ-ին ստեղծված կտավը հայտնվել էր Կարակասում 1981թ-ին, երբ թանգարանը գնել էր այն նյույորքյան Մալբորո պատկերասրահից՝ կես միլիոն դոլարով:










