Թուրք գործարարը թալանել է իր իսկ ընկերություններին

19:15 • 20.08.12

Լոնդոնի դատարանն ազգությամբ թուրք, Մեծ Բրիտանիայում բնակվող գործարար Ասիլ Նադիրին երեք դրվագով մեղավոր է ճանաչել իրեն պատկանող բիզնես- կայսրությունների միջոցները հափշտակելու մեջ, հայտնում է Agence France-Presse-ը:

Դատարանը շարունակում է քննել նրա նկատմամբ առաջադրված ևս 9 դրվագ: Դրվագներից մեկի համաձայն` նա անմեղ է ճանաչվել: Գործարարի նկատմամբ դատավճիռը դեռ չի հրապարակվել:


Քննիչների վարկածով` 1980-ական թվականներին Նադիրն իրեն պատկանող ընկերությունների միջոցները փոխանցել է իր հաշվեհամարներին` ընկերություններին հասցնելով 235 մլն դոլարի վնաս:


1990թ.-ին նրան պատկանող Polly Peck International հոլդինգը հայտարարել է իր սնանկացման ու ավելի քան 550 մլն դոլարի պարտքի մասին: Դրանից անմիջապես հետո գործարարին մեղադրել են իր ընկերություններից գումար հափշտակելու 60 դեպքի համար:


1993թ.-ին Նադիրը, չսպասելով դատարանի վճռին, փախել էր Հյուսիսային Կիպրոս, որն էլ հրաժարվել էր նրան հանձնել Մեծ Բրիտանիային: Սակայն 2010թ.-ին գործարարը որոշել է վերադառնալ Լոնդոն` դատարանի առջև կանգնելու և իր պատիվը պահանջելու համար: