Պակիստանում Ղուրանն այրելու մեջ մեղադրվող 11-ամյա երեխային ցմահ ազատազրկում է սպառնում

12:07 • 20.08.12

Պակիստանի իշխանությունները կարող են ցմահ ազատազրկման դատապարտել 11-ամյա քրիստոնյա Ռիֆտա Մասիհին, ով հարևանների պնդմամբ` միտումնավոր այրել է սրբազան Ղուրանի էջերը, գրում է The Guardian-ը:

Թեև դեռևս հստակ ապացույցներ չկան, որ երեխայի այրածը հենց Ղուրանի էջեր են եղել, այնուամենայնիվ, նա սրբապղծության մեղադրանքով գտնվում է բանտում, իսկ նրա ծնողներն ու մյուս հարազաները դիմել են փախուստի: Ավելի վաղ, լրատավամիջոցները տարածել էին, որ աղջիկն ունի Դաունի ախտանիշ, սակայն այդ տեղեկությունը հերքվել է մուսուլմանական համայնքի կողմից:

 

Միջադեպի հետևանքով երկրի մուսուլմանական և քրիստոնեական համայնքների միջև զգալի լարվածություն է առաջացել, և մայրաքաղաք Իսլամաբադի արվարձաններում բնակվող մոտ 900 քրիստոնյաների հրամայվել է լքել տարածքը, որտեղ նրանք ապրել են վերջին 20 տարիներին: Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, իր հերթին, հրամայել է Ներքին գործերի նախարարությանը դեպքի կապակցությամբ հետաքննություն սկսել: