Լավրովը կոչ է արել հիստերիա չբարձրացնել Pussy Riot-ի շուրջ

18:00 • 20.08.12

Սկանդալային Pussy Riot պանկ- ռոք խմբի դատավճռի շուրջ պետք չէ հիստերիա բարձրացնել: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը` իր ֆինն գործընկեր Էրկկի Տուոմիոյիայի հետ հանդիպման արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ:


«Հիշեցնեմ հատուկ նրանց, ովքեր փորձում են գործն այնպես ներկայացնել, թե դատարանը ոչ անկախ որոշում է ընդունել. դատավճռի հրապարակումից մեկ օր առաջ ՌԴ նախագահը հանդես է եկել այդ աղջիկների նկատմամբ հանդուրժողականություն դրսևորելու հայտարարությամբ, նույն դիրքորոշումն է արտահայտել նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարությունը»,- ասել է նա:


Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին դատապարտել է երկուական տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեջ:
Այս տարվա փետրվարի 21-ին խմբի երեք անդամները Քրիստոս Փրկչի տաճարում` խորանի առջև, երգել էին. «Աստվածամա’յր, վտարիր Պուտինին»: Օրեր անց` փետրվարի 26-ին, աղջիկների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ:

 

Նախարարը հիշեցրել է, որ մի շարք եվրոպական երկրներում սրբապիղծ արարքների համար գոյություն ունեն օրենքով սահմանված պատիժներ: «Խոսելով այն մասին, թե վճիռը (խմբի անդամների) համապատասխան էր, թե անհամապատասխան, ես կարող եմ ղեկավարվել միայն գործի փաստացի կողմով: Գերմանիայում, օրինակ, եկեղեցում սրբապղծություն կատարելու համար սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում, Ֆրանսիայում` 2 տարի, Ավստրիայում` կես տարի, Ֆինլանդիայում, որքան ինձ հայտնի է, 2 տարի»,- ասել է նա: