Կրասնոյարսկի ադրբեջանական համայնքի ղեկավարի սպանությունը պատվիրվել է Բաքվի բանտից

12:15 • 20.08.12

Մոտ ժամանակներս Ռուսաստանի Դաշնությունում դատարանի առջև կկանգնեն ադրբեջանական հանցավոր մի խմբավորման անդամներ Էլմիր Մամեդովն ու Թուրալ Նաջիֆովը, որոնք մեղադրվում են Կրասնոյարսկի երկրամասի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռաֆիկ Մամեդովի սպանության մեջ:


Ինչպես հայտնում է vesti.az-ը` վկայակոչելով ՌԴ իրավապահ մարմիններին, պարզվել է, որ 2009թ.-ին իրականացված սպանության պատվերը տրվել է Բաքվի բանտում գտնվող «օրենքով գող» Նադիր Սալիֆովից` «Գուլու» կեղծանվամբ, ով ղեկավարում է
Ռուսաստանում գործող հանցավոր խմբավորումը:


Խմբավորման մի քանի անդամներ էլ վերջերս Մոսկվայի Կունցևի դատարանի կողմից դատապարտվել են 14-ական տարվա ազատազրկման` ՌԴ տարածքում ադրբեջանցի 2 գործարարի առևանգելու և ազատ արձակելու համար մեծ գումար պահանջելու մեղադրանքով:


Նադիր Սալիֆովը 1996թ.-ին Ադրբեջանում դատապարտվել էր 27 տարվա ազատազրկման` դրամաշորթության, մարդկանց առևանգման ու ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Սակայն, ըստ իրավապահների, դա չի խանգարում նրան անմիջապես գաղութից ղեկավարել խմբավորման անդամներին:


Ըստ քննիչների` հանցավոր խմբի անդամները Գուլուի պատվերով Ռուսաստանի տարածքում առևանգել են ադրբեջանցի գործարարների ու նրանց ազատ արձակման դիմաց խոշոր գումարներ պահանջել, իսկ ովքեր էլ Գուլուի «սրտով չեն եղել»` սպանվել են:


Ըստ աղբյուրի՝ 2008թ.-ին Գուլուն Մոսկվա է ուղարկել իր ենթակաների հերթական խմբին, որի անդամ է եղել նաև «Շոգենավ» մականվամբ Վիլայաթ Մամեդովը:


Քննիչները պարզել են, որ Շոգենավը Ռուսաստանի ադրբեջանական համայնքում հայտնի է եղել որպես Գուլուի մերձավոր: Արդյունքում հենց նա է հանդիպել ռուսաստանաբնակ հարուստ հայրենակիցների հետ, նրանց ողջույններ փոխանցել «օրենքով գողից» ու բացատրել, թե որքան պիտի վճարեն «օբշյակին»:


Իսկ 2009թ.-ին խմբավորման անդամները ստացել են Կրասնոյարկի երկրամասի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռաֆիկ Մամեդովին սպանելու հրաման, ինչի համար ՌԴ են ուղարկվել Էլմիր Մամեդովն ու Թուրալ Նաջիֆովը:


Պատվերն իրականացվել է 2009թ.-ի ապրիլի 29-ին. հանցագործները կրակ են բացել Մամեդովին տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ: Թե որն էր պատճառը, չի հաղորդվում: