Երևանի Մռավյանի անվան դպրոցը միացվում է թիվ 81 դպրոցին
Օգոստոսի 18-ին ուժի մեջ մտավ Երևանի «Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին որոշումը:
Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, համաձայն այդ որոշման, «Երևանի Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացվում է «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Վերջինս կհանդիսանա Ա. Մռավյանի անվան դպրոցի իրավահաջորդը: Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են N 81 դպրոցի միջոցների հաշվին:
Որոշման մեկ այլ կետով Երևանի քաղաքապետին, մասնավորապես, առաջարկվում է ապահովել N 81 միջնակարգ դպրոցում Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոցի հանրակրթական ծրագրերով աշակերտների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը: Պետք է ապահովվեն նաև N 25 դպրոցի գործունեության դադարման պետական գրանցումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Տեղեկացնենք, որ դպրոցը վերակազմակերպելու մասին որոշումը հիմնավորվել էր այն հանգամանքով, որ Ա. Մռավյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 74 աշակերտ:
ՀՀ կառավարության 2010 թ.-ի մայիսի 6-ի որոշմամբ դպրոցը ձեռք է բերել հիմնական դպրոցի կարգավիճակ, ինչի արդյունքում աշակերտների թիվը զգալիորեն պակասել է և շարունակում է պակասել:
Ի դեպ, շենքը կառուցվել է 1936 թ.-ին` որպես հանրակրթական հաստատություն, և այն հիմնովին վերանորոգման կարիք ունի, քանի որ շենքային պայմաններն անմխիթար վիճակում են:
Երևանի թիվ 81 միջնակարգ դպրոցը գործում է Թաիրովի 14 հասցեում: Շենքը կառուցվել է 1931 թ.-ին (862.8 քառ. մետր): Հաստատություն հաճախում է 72 աշակերտ:
Դպրոցների միացման դեպքում 2012-2013թթ.-ի ուսումնական տարում Երևանի Ա. Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցի աշակերտները և մանկավարժական համակազմը կտեղափոխվեն թիվ 81 միջնակարգ դպրոց: Արդյունքում` թիվ 81 դպրոցի սովորողների թիվը կկազմի 146:










