ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզ
Այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզ էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից:
Մարզը 2011-2012 թվականների բերքաշրջանում,գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում ստացել է 341,5 տոննա էլիտային, 501 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որի շնորհիվ 3717 հա-ով ավելացրել են աշնանացանի, 355 հա-ով՝ գարնանացանի ցանքերը:
Տեղեկացվում է, որ այդ ընթացքում սյունեցիները մատչելի՝ պարկը 6000 դրամով ձեռք են բերել ազոտական պարարտանյութ և դիզելային վառելիք՝ 1 լիտրը 350 դրամով:
Սիսիանի տարածաշրջանում բերքահավաքի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու համար, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ նախարարը նախ այցելել է Աղիտու համայնքում գտնվող դաշտերը, որտեղ առատ բերք է հավաքվում՝ հա-ից 40-60 ցենտներ:
Այնուհետև, նախարարն ու նրան ուղեկցող անձինք եղել են Սիսիանի հացամթերումների պահեստում, ուր պահեստավորվել և բաշխման է սպասում օրերս Ռուսաստանի Դաշնությունից ստացված 280 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացուն, ծանոթացել են պահպանության պայմաններին:










