Պոլսահայերը պատրաստ են օգնել Սիրիայի հայությանը

09:28 • 20.08.12

Պոլսահայերը պատրաստ են օգնել Սիրիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված` դժվար կացության մեջ հայտնված հայերին, տեղեկացնում է «Ակօս»-ը:
 

Չնայած հայկական թաղամասերում բախումներ տեղի չեն ունեցել, սակայն իրավիճակն այստեղ լարված է: Ըստ թերթի՝ սիրիահայերը վտանգին դեմ հանդիման են և այս իրավիճակում Թուրքիայի հայ համայնքն անտարբեր մնալ չի կարող:


Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Թաթուլ Անուշյանը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում խուսափել սիրիահայերի հանդեպ իրենց ունեցած պարտականություններից:


Երեկ Թուրքիայի հայկական եկեղեցիներում մատուցված պատարագի ընթացքում հայերն աղոթել են Սիրիայում խաղաղության հաստատման համար:


«Ակօս»-ը զրուցել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և եզրակացրել, որ պոլսահայերը պատրաստ են օգնել Հալեպում, Դամասկոսում և Քեսաբում ապրող իրենց հարազատներին:


Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն, օրինակ, նշել է, որ իրենք պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել:


«Ստամբուլում նրանց ընդունել կարող ենք, Կարող ենք անհրաժեշտ սննդով ապահովել: Սիրիահայ համայնքին օգնելը բոլորիս պարտքն է: Թուրքիայի հայերը Իրաքի պատերազմի ընթացքում էլ հայերին օգնության ձեռք էր մեկնել»,-ասել է նա:


Սուրբ Խաչ դպրեվանքի հիմնադրամի նախագահ Մուրադ Բերբերօղլուն նշել է, որ իրենք ցանկանում են, որ պատերազմն օր առաջ ավարտվի: «Այս ընթացքում աշխարհի բոլոր հայերը սիրիահայերին օգնության ձեռք են մեկնելու»,- ասել է նա:


Իսկ Բաքըրքյոյի Սուրբ Ծնունդ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի ղեկավար Մեսութ Օզդեմիրը նշել է, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են և կառավարության ու պետության աջակցությամբ կարող են հայերին տեղավորել Ստամբուլում և բոլոր կարիքները հոգալ: