StartUp Cup բիզնես-մոդելի մրցույթը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը
Այսօր Երևանում մեկնարկել է StartUp Cup բիզնես-մոդելի մրցույթը, որի նպատակն է նոր աշխատատեղերի ստեղծումը, այս մասին տեղեկացնում են StartUp Cup բիզնես-մոդելի մրցույթի կազմակերպիչները:
Այս առաջնությունը նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է նախաձեռնողական և տեղի ներուժի օգտագործման սկզբունքների վրա` թույլ տալով մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար:
Մրցույթի ընթացքում մասնակից ձեռներեցներին խորհրդատվություն կտրամադրեն տեղի շուկայում թրծված փորձառու մասնագետները:
Ծրագրի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցն ասել է, որ այս նախաձեռնությունը մեծ հնարավորություն է Հայաստանի ձեռներեցների համայնքի համար։
«Ամենակարևորն այն է, որ սա ձեռներեց միջավայր ձևավորելու փորձված և գործուն մոդել է: Ավելին, նախագծի առավելությունը աշխարհի տարբեր երկրներում անցկացվող Ստարտափների առաջնությունների կազմակերպիչների հետ կապ հաստատելու հնարավորություն է»:
Հայաստանի ստարտափների առաջնության համակազմակերպիչն է Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան, իսկ նախաձեռնությանն աջակցում են Ձեռնարկատիրությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Ձեռնարկատիրության և կառավարման զարգացման կենտրոնը:
Ձեռներեցները, ովքեր մասնակցում են Հայաստանի ստարտափների առաջնություն բիզնես-մոդելի մրցույթին կկազմեն կենսունակ բիզնես-մոդելներ, կձևավորեն հաճախորդների շրջանակ և կխթանեն իրենց ստարտափները դեպի շուկա` ժյուրիի և փորձառու մասնագետների հետ քառամսյա աշխատանքից հետո:
Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին՝ Գլոբալ ձեռնարկատիրական շաբաթվա ընթացքում կայանալիք մրցանակաբաշխությանը:
Մրցութային նախագծերը կարելի է ուղարկել armenia.startupcup.com կայքին՝ մինչեւ սեպտեմբերի 7-ը, ժամը 23:59-ը:










