Բնագետ Սուրեն Ղազարյանի նկատմամբ կարող է հերթական քրեական գործը հարուցվել
Հյուսիսային Կովկասի գծով բնագիտական խմբի համաղեկավար Սուրեն Ղազարյանը չի բացառել, որ իր հանդեպ կարող է նոր քրեական գործ հարուցվել, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Այս անգամ բնագետի հանդեպ կարող է քրեական գործ հարուցվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սև ծովի ափին գտնվող պալատի դիմաց կառուցվող խարսխակայանի տարածք ներխուժելու փորձի համար:
Իր բլոգում Ղազարյանը գրել է, որ իրեն արդեն զանգահարել են Գելենջիկի (Կրասնոդարի երկրամաս) ոստիկանությունից, ինչից հետո իրավապահներն այցելել են իր տուն, երբ նա տանը չի գտնվել:
Ավելի ուշ Ղազարյանին հեռախոսով հայտնել են, որ անհրաժեշտ է նրան հարցաքննել օգոստոսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված:
Ղազարյանի նկատմամբ այս տարվա հունիսին արդեն հարուցվել էր քրեական գործ: Նա դատապարտվել էր 3 տարվա պայմանական ազատազրկման, իր խոսքով, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևի ամառանոցի ցանկապատին արված գրության համար:










