Մետրոպոլիտենի տարածքում ավարտվել են WiFi տեղադրման աշխատանքները

14:53 • 20.08.12

Արդեն ավարտվել են Երևանի մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները: Շուտով այդ համակարգով ապահովված կլինեն նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, զեկուցվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից:

 

Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ ընթացքի մեջ են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների ծառերի գեղարվեսական լուսավորման աշխատանքները:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գեղարվեստական լուսավորությամբ ապահովված արձանների լուսավորման ժամանակացույցը կերկարաձգվի գիշերային ժամերին:


Անխափան գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի այրված լամպերն ու կարճ ժամկետում վերականգնել վթարները` ներառելով նաև բակային տարածքները:


Երևանի քաղաքապետարանի 2012թ.-ի բարեկարգման ծրագրերի շրջանակում արդեն ավարտվել են կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է նաև բակային տարածքներում: Քաղաքապետի տեղակալը նշելով, որ ցայտաղբյուրների բարեկարգման ու վերագործարկման աշխատանքները մեծ ոգևորություն ու գոհունակություն են առաջացրել ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաքի բազում հյուրերի շրջանում, փոխանցել է ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ քաղաքապետի հանձնարարականը:


Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման և ճաքալցման աշխատանքների մասով զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է բարեկարգված փողոցներում զուգահեռաբար շարունակել նաև գծանշման աշխատանքները:


Անդրադառնալով կանաչ տարածքների խնամքին և ոռոգման համակարգերի արդյունավետ շահագործմանը` հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Մարզահամերգային համալիրի մերձակա անտառային տարածքների համատարած ոռոգումը ապահովելու ուղղությամբ:

 

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Մրցույթի արդյունքում բացառապես ընտրվում են այն շարժակազմերը, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին:

 

Զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի գույքագրվել են մայրաքաղաքի ավտոկայանատեղիներն ու ուսումնասիրվել են դրանց համար տրամադրված բոլոր պայմանագրերը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է վերահսկողությունը վարձակալների պայմանագրային պարտավորություններով սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ: