Հալեպում մարտերը շարունակվում են. հայկական համայնքը կորուստներ չունի

13:07 • 21.08.12

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում մարտերը ընդդիմադիրների և կառավարական զորքի միջև շարունակվում են և  քաղաքում դեռևս չեն գործում ինտերնետն ու հեռախոսակապը:


Լիբանանի «Ազդակ» օրաթերթի Դամասկոսի թղթակցին քիչ առաջ դժվարությամբ հաջողվել է կապ հաստատել Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանք տեղեկացրել են, որ այսօր առավոտյան շարունակվել են կրակոցներ հնչել Թիլել-Ժդայդե շրջանում, որը Հին Հալեպի թաղամաս է համարվում:


Երեկ պայթյուն է տեղի ունեցել Հաջ Հաբիբ թաղամասում, որտեղ հայ բնակիչները հասել են օգնության` հրդեհը մարելու համար:


Այս պահի դրությամբ դժվար է հաստատել տարածված տեղեկությունները, թե այդ շրջաններն անցել են Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ, քանի որ սիրիական կառավարական զորքը դեռ փորձում է վերահսկել այդ շրջանը:


Իսկ Դամասկոսի Մազզե շրջանում այսօր առավոտյան  ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Հայկական համայնքի որևէ բնակիչ այս երկու քաղաքներում չի տուժել:

 

Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի ազատ բանակը հայտարարություն էր տարածել` դիմելով Հալեպի քրիստոնեական, այդ թվում հայկական թաղամասերի բնակիչներին, խնդրելով օգնել իրենց: