Իրանում առաջին անգամ համաներման կարժանանան ցմահ ազատազրկվածները

12:37 • 21.08.12

Ռամադանի տոնի առիթով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին համաներում է հայտարարել, հայտնում է Trend գործակալությունը` վկայակոչելով իրանական ISNA-ին:

Իրանի Դատական համակարգի նախագահ Սադիգ Ամոլի Լարիջանին տոնի առիթով գրավոր դիմել է հոգևոր առաջնորդին, որտեղ խնդրել է առաջնորդին համաներում հայտարարել մի շարք քաղաքական, ռազմական ու քաղաքացիական հանցագործությունների համար:

 


Հոգևոր առաջնորդի ստորագրած որոշման համաձայն` ազատ կարձակվեն մեկ տարվա ազատազրկման դատապարտվածները, 1-5 տարվա ազատազրկվածների պատժաչափը կկրճատվի կրկնակի: Համաներման կարժանանա 5-15 տարվա ազատազրկման դատապարտվածների պատժաչափի մեկ երրորդ մասը:

Պատիժը կրելու մնացյալ մասից ազատ են արձակվում այն անձինք, որոնք իրականացրել են անզգուշության հետևանքով հանցագործություններ, այն կին դատապարտյալները, որոնք ունեն անչափահաս երեխաներ, անբուժելի ու վարակիչ հիվանդություններ ունեցողները, 18-ից ցածր տարիքի դեռահասները, 65-ն անց տղամարդիկ, 50-ն անց կանայք:

Պատժի կրման մնացած մասից կազատվեն նաև հարկերից խուսափելու համար և 6 ամսվա անազատության դատապարտվածները:

Համաներումն առաջին անգամ վերաբերվում է նաև այն անձանց, որոնք դատապարտվել են ցմահ բանտարկության:


Այս որոշումը չի առնչվում զինված հարձակման, թմրամիջոցների և զենքի վաճառքի, հայրենիքի դավաճանության, ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործության, մարդկանց առևանգման, բռնաբարության, մարդկանց թրաֆիքինգի, խոշոր չափի մեքենայության, փողերի ու արժեքավոր թղթերի կեղծման համար 5-15 տարվա ազատազրկման դատապարտվածները: