Հյուսիսային Կորեան դադարեցնում է Հարավային Կորեայի հետ կնքված հրադադարը

13:05 • 21.08.12

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ, Հյուսիսային Կորեա) դադարեցնում է 1950- 1953թթ. Կորեական պատերազմի արդյունքում կնքված հրադադարը` Միացյալ Նահանգների ու Հարավային Կորեայի կողմից այն կոպտորեն խախտելու պատճառով: Այս մասին,  «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ասվում է ապառազմականացված գոտում Հյուսիսային Կորեայի զինվորական առաքելության հայտարարության մեջ, որն արձագանքել է նախօրեին Կորեական թերակղզու հարավում սկսված ամերիկա-հարավկորեական զորավարժություններին:


Հայտարարության մեջ նշվում է, որ այժմ «ԿԺԴՀ ժողովուրդն ու բանակը կարող է ցանկացած պահի ֆիզիկական հակազդման միջոցառումներ ձեռնարկել` խաղաղության ու սեփական ինքնիշխանության ապահովման համար»:

Ըստ հայտարարության, քանի որ ԱՄՆ-ն չի պատրաստվում հրաժարվել Հյուսիսային Կորեայի հանդեպ վարած թշնամական կուրսից, առաքելությունը զգուշացնում է, որ նման պայմաններում իրավիճակը փրկել կարող է միայն հանուն վերամիավորման (Կորեաների) սրբազան պատերազմը:


«Մեր երկիրը բաց չի թողնի միավորման (Կորեաների) համար մեծ պատերազմ սկսելու հնարավորությունը` մեր Գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չեն Ընի հրամանի համաձայն»,- ասվում է հայտարարության մեջ:


Երկուշաբթի Կորեական թերակղզու հարավում սկսվել են ամերիկա- հարավկորեական «Ըլչի ֆրիդոմ գարդիան» ամենամյա զորավարժությունները, որին մասնակցում է 56.000 հարավկորեացի և մոտ 30.000 ամերիկացի զինվոր ու սպա: