Դիանայի համար անհրաժեշտ արյան պաշար կա. Արյունաբանական կենտրոնի տնօրեն

14:24 • 21.08.12

«Արմենիա» հանրապետական կենտրոնում առաջին կարգի բացասական արյան պակաս չկա: Այս մասին Tert.am –ին հայտնեց պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը և հավելեց. «Ես հենց նոր զրուցեցի երեխայի բուժող բժշկի հետ, ով ասաց, որ նման խնդիր չկա ( այդ խմբի ու կարգի արյան կարիք - Tert.am ), երկու միավոր դեռ պաշար կա, երկու հոգին էլ հենց այս պահին արյուն են հանձնում»,- հայտնեց Արյունաբանական կենտրոնի տնօրենը:


Նշենք, որ մի շարք կայքերում տեղեկություն է տարածվել, որ Դիանա Սիրունյանին շտապ, մինչև 15.00 –ն անհապաղ պետք է O(I) Rh− առաջին կարգի բացասական արյուն և բոլոր հնարավոր դոնորներին առաջարկվում էր կապվել 099 801550 հեռախոսահամարով:


Նշենք, որ այս պարզաբանման անհրաժեշտությունը չէր լինի, եթե նախօրեին Սմբատ Դաղբաշյանը մեզ հետ զրույցում չնշեր, որ Արյունաբանական կենտրոնը 5 միավոր արյուն է փոխանցել «Արմենիա» հիվանդանոց՝ Դիանա Սիրունյանին ներարկելու (ընդհանուր առմամբ՝ 7 միավոր Tert.am )համար, որից 1 միավորը ներարկվել է աղջկան, իսկ մնացածը պահպանվել է՝ անհրաժեշտության դեպքում կրկին օգտագործելու համար:


Իսկ պարզաբանման առիթն այն էր, որ արդեն որերորդ դեպքն է, որ Facebook սոցիալական ցանցի միջոցով փնտրվում է բացասական խմբի արյուն. մի քանի ամիս առաջ նույն սոցիալական ցանցով նույնպիսի ակտիվությամբ փնտրվում էր երկրորդ խմբի բացասական արյուն՝ լեյկոզով տառապող մի փոքրիկի համար:


Արդյո՞ք սա նշանակում է, որ Հանրապետության հիվանդանոցներում կա արյան բացասական կարգի պակաս:


Ի պատասխան, պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենը նկատել էր. «Եթե Դուք, նա, մյուսը, մարդիկ, արյուն չեն հանձնում, պարզ է, որ որոշակի արյան խնդիր կարող է լինել, բայց տվյալ դեպքի հետ կապված (Դիանա Սիրունյանի Tert.am ) ունեցել ենք արյուն, ու որևէ խնդիր չի եղել»:

 

Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը օգոստոսի 18 –ին ինքնասպանության փորձ էր կատարել՝ լսելով հոր մահվան բոթը նա իրեն ցած էր նետել 5-րդ հարկից:

 

Լուսանկարում Սուրեն Սիրունյանի ընտանիքն է, ձախից՝ կինը, մեջտեղում՝ Դիանան, աջից՝ ինքը՝ Սուրեն Սիրունյանը
Լուսանկարը՝ Blognews.am-ից