Բրիտանիան «վճռական» պատասխան կստանա, եթե գրոհի Էկվադորի դեսպանատունը. Չավես
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պատրաստ է պատասխան տալ Մեծ Բրիտանիային, եթե հանկարծ վերջինս որոշի գրոհել Էկվադորի դեսպանատունը: Ինչպես հայտնում է «Ռոսբալթ»-ը` վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցներին, Չավեսն անթույլատրելի է համարում նման գործողությունները` սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալելու նպատակով: Նշենք, որ կայքի հիմնադիրը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
«Եթե հանկարծ Մեծ Բրիտանիան որոշի բռնի ուժով ներխուժել դեսպանատան տարածք, մեր պատասխանը կլինի շատ վճռական»,- ասել է Չավեսը:
Նա առաջարկել է բրիտանական կառավարությանը մի լավ մտածել այդ մասին, քանի որ «այն դարաշրջանը, երբ գերտերությունները կարող էին անել այն ամենը, ինչ ցանկանում էին, արդեն ավարտվել է»: Չավեսը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ գործողությունների կարող է դիմել Կարակասը, սակայն ընդգծել է, որ դրանք արդեն ձեռնարկվում են:
Էկվադորի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք կշարունակեն Ասանժի ճակատագրի շուրջ բանակցությունները: Երկիրը նաև պատրաստ է դիմել Հաագայի միջազգային դատարան` հարցը լուծելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Էկվադորի իշխանությունները քաղաքական ապաստան էին տրամադրել Ասանժին: Սակայն չնայած դրան, բրիտանական իշխանությունները մտադիր են ձերբակալել նրան ու արտահանձնել Շվեդիային:










