Իրանցիները երկրաշարժից տուժածներին օգնելու համար ավելի քան $6 մլն են հավաքել

15:50 • 21.08.12

Իրանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնելու համար երկրի բնակչությունն այսօրվա դրությամբ հավաքել է 6 մլն 425 հազ դոլար: Ինչպես հաղորդում է իրանական iribnews հեռուստաընկերության պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի միության ղեկավար Աբդուլհասան Ֆագիհը:

 

Նրա խոսքով` նախապես հայտարարված հաշվեհամարին երկրի տարբեր շրջանների բնակիչների փոխանցած գումարների արդյունքում հավաքվել է 5 մլն դոլար: Բացի այդ, բնակչությունը 1 մլն 425 հազ դոլարի օգնություն էլ ցուցաբերել է Ռամադան տոնի առիթով: Ֆագիհը նաև հայտնել է, որ բնակչությունը 500 տոննա ծավալի մարդասիրական օգնություն է ցուցաբերել:

 

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում օգոստոսի 11-ին տեղի ունեցած 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, վիրավորվել` մոտ 2.500-ը: