Պուտինի խորհրդականը Pussy Riot-ի դատավճիռը սխալ է համարել

11:43 • 21.08.12

ՌԴ նախագահի Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը քննադատել է Pussy Riot խմբի դատավճիռը:


«Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում նա դատարանի որոշումը «ճակատագրական սխալ» է որակել և հույս է հայտնել, որ այդ սխալը կշտկվի:

Նախագահական խորհրդի ղեկավարը նշել է, որ «սրբապղծության» մեղադրանք եղել է միայն 19-րդ դարում:

«1845-1885 թթ.-ին դա ենթադրում էր ազատազրկում` 3-ից 8 ամիս ժամկետով, բայց ոչ երկու տարի: Անգամ 19-րդ դարի օրենքներով այս դատավճիռը բավական տարօրինակ է»,- հայտարարել է պաշտոնյան:


Ավելի վաղ, նա համաձայնվել էր աղջիկների փաստաբանների հետ, ովքեր պնդում էին, որ աղջիկները վարչական իրավախախտում են իրականացրել, այլ ոչ քրեական հանցագործություն:

«Ինձ, որպես փաստաբանի, որևէ վճիռ, բացի արդարացումից, չի բավարարի»,- հայտարարել էր Ֆեդոտովը օգոստոսի 17-ին, երբ Խամովնիչեսկի դատարանը հրապարակել էր վճիռը:


Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ին խմբի երեք անդամները Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում` խորանի առջև, երգել էին. «Աստվածամա’յր, վտարիր Պուտինին»: Օրեր անց` փետրվարի 26-ին, աղջիկների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով, իսկ օրերս աղջիկները դատապարտվել էին 2 տարվա ազատազրկման: Դատարանի այդ որոշումը քննադատել էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: