Կապանի ՀԿ-ները պարզաբանում են պահանջում Զանգեզուրի ՊՄԿ-ի վթարի մասին

18:14 • 21.08.12

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ԶՊՄԿ) ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով (Ողջի գետում ավելի քան 12ժամ պոչեր էին հոսում) Կապանում գործող հասարակական կազմակերպություններն այսօր քննարկում են կազմակերպել, որի նպատակն էր Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչներից ստանալ համապատասխան պարզաբանումներ:

 

Ինչպես տեղեկանում ենք մի շարք հասարակական կազմակերպությունների տարածած տեղեկատվությունից, Սունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը:

 


ՀԿ-ների ներկայացուցիչները պատրաստվում են տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու, բնապահպանության տեսչության կողմից վթարի հետևանքների հաշվարկման հասարակական վերահսկելիությունը ապահովելու նպատակով, առաջիկայում համապատասխան հարցադրումներով դիմել ՀՀ բնապահպանության նախարարությանը:

 

 

«Մենք համոզված ենք, որ հասարակական վերահսկողության բացակայության դեպքում, շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերը չի ներկայացվի, ուստի ՀԿ-երը հետևողականորեն վերահսկելու են ողջ գործընթացը:

 

Մենք քննադատում ենք ԶՊՄԿ ՓԲԸ-ի և Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը և կոչ ենք անում հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ»,- ասված է ՀԿ-ների տարածած հաղորդագրության մեջ:

 

Տեղեկացնենք, որ հաղորդագրությունը ստորագրել են հետևյալ հասարակական կազմակերպությունները.

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյան, «Ազատամարտ» Կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյան, «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյան, «Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոն»-ի համակարգող Աշոտ Ավագյան, «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ Քրիստինա Սաղաթելյան: