ԱՄՆ-ում հաջողությամբ անցկացվել են թռչող մոտոցիկլի փորձարկումները (տեսանյութ)

17:54 • 21.08.12

Aerofex կալիֆորնիական ընկերությունը թռչող մոտոցիկլ է փորձարկել` հովերբայքը, որն ունակ է մինչև 48 կմ/ժ արագություն զարգացնել և բարձրանալ 4.6 մ բարձրության վրա, գրում է vz.ru-ն:

 

Անվադողերի փոխարեն հովերբայքն ունի տուրբինի պտտվող անիվներ, իսկ այն կառավարելու համար հատուկ դասընթացներ անցնելը պարտադիր չէ: Դա արվում է ծնկների մոտ տեղադրված լծակների օգնությամբ, որոնց վրա ճնշում է գործադրվում այն պահին, երբ օդաչուն փոքր ինչ ծալում է ոտքերը:

 

«Կարող եք վստահ լինել, որ այս թռչող սարքը ամենագնացի գործառույթներ է կատարելու»,- հայտարարել է Aerofex-ի հիմնադիր Մարկ դե Ռոշը: 

 

Նրա խոսքերով ապագայում հովերբայքը կօգնի բժիշկներին հասնել դժվարամատչելի վայրերում բնակվող իրենց հիվանդներին, իսկ սահմանապահներին կօգնի տարածքը հսկելու հարցում:

 

Մոտ ապագայում ընկերությունը մտադիր է ստեղծել նույն սարքի անօդաչու տարբերակը, որը հնարավոր կլինի օգտագործել քաղաքացիական և ռազմական նպատակներով: Հովերբայքի երկրորդ տարբերակը պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերին:

 

 

 

ԱՄՆ-ում հաջողությամբ անցկացվել են թռչող մոտոցիկլի փորձարկումները (տեսանյութ)