Ռումինիայի ՍԴ-ն անվավեր է ճանաչել նախագահի պաշտոնանկության հանրաքվեի արդյունքները
Ռումինիայի Սահմանադրական դատարանն այսօր անվավեր է ճանաչել նախագահ Տրայան Բասեսկուի պաշտոնանկության հանրաքվեի արդյունքները, հայտնում է Agence France-Presse-ը: Այսպիսով, ժամանակավորապես պաշտոնից հեռացված Բասեսկուն իրավունք է ստացել վերադառնալ պարտականությունների կատարմանը:
Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 9 դատավորից 6-ը: Նրանք իրենց որոշումը բացատրել են այն հանգամանքով, որ հանրաքվեին մասնակցել է 50%-ից քիչ ընտրող:
Միևնույն ժամանակ ռումինական խորհրդարանում մեծամասնություն կազմող ձախ կենտրոնամետները հայտարարել են, որ համաձայն չեն այս որոշմանը: Նրանց խոսքով` ընտրողների թվի գնահատման համար օգտագործվել են հնացած տվյալներ: Ներկայում ընտրողների թիվը երկրում նվազել է 2 մլն-ով, ինչն էլ հնարավորություն է տալիս կայացած համարել հանրաքվեն:
Ըստ պաշտոնական տվյալների` հանրաքվեին մասնակցել է ռումինացիների մոտ 48 %-ը, նրանց 87 %-ը, սակայն, կողմ է եղել նախագահի պաշտոնանկությանը:
Ռումինիայում քաղաքական ճգնաժամը սկսվել է նախագահի ու խորհրդարանի միջև տարաձայնություններից` կապված բյուջետային ծախսերի կրճատման հետ:










