Սենատոր ՄըքՔեյնը կմիանա Վրաստանի նախընտրական քարոզարշավին

16:21 • 21.08.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամերիկացի ընկերը` սենատոր Ջոն ՄըքՔեյնը, սեպտեմբերի երկրորդ կեսին կայցելի Վրաստան` իշխող «Միավորված ազգային շարժում» կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով «Փիրվելի» գործակալությանը:

 

Իշխող կուսակցությունից լուրը հաստատել են` հավելելով, որ ճշտվում է այցի ամսաթիվը:

 

Այսօր ավելի վաղ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 1–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար գրանցել է 2 դաշինքի և 21 կուսակցության: Տարբեր պատճառներով մերժվել է 8 կուսակցության գրանցումը:

Պատգամավորի թեկնածուների ցուցակը պետք է ԿԸՀ ներկայացվի մինչ սեպտեմբերի 1-ը: Խորհրդարանում համամասնական ցուցակով հայտնվելու համար անհրաժեշտ է հաղթահարել 5%-ոց շեմը: Իսկ 73 շրջաններում պատգամավոր կընտրվի մեծամասնական ընտրակարգով: Հիմնական պայքարը կծավալվի իշխող կուսակցության և ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքի միջև: