Սուրեն Սիրունյանի հոգեհանգիստը՝ առանց ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի
Երեկ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում անցկացված հոգեհանգիստի արարողությանը «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից և «Հայոց Համազգային շարժում» կուսակցությունից քիչ թե շատ հայտնի որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես»-ի հետ Սուրեն Սիրունյանի հարաբերությունները, հատկապես, սրվեցին վերջին շրջանում, երբ Սիրունյանը, դժգոհելով Կոնգրեսի վարած քաղաքականությունից, դուրս եկավ ՀԱԿ-ից ու մամուլում հանդես եկավ մի շարք բացահայտումներով:
Փոխարենը, Սուրեն Սիրունյանի հոգեհանգստին ներկա էին Կոնգրեսից մոտ երկու տարի առաջ անջատված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկու թևերի ներկայացուցիչները, ովքեր, ի դեպ, այժմ դադարեցրել են շփումները՝ պայմանավորված մարտավարական և այլ տարաձայնություններով: Կուսակցության մի թևից ներկա էին Ալեքսանդր Արզումանյանը, Մասիս Այվազյանը, Հովհաննես Ղազարյանը և այլոք, մյուսից՝ Արարատ Զուրաբյանը և նրա հետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լքած Դավիթ Առաքելյանը, Կարեն Կարապետյանը, Գառնիկ Ստեփանյանը և այլք:
Քաղաքական գործիչներից ներկա էին նաև «Ժառանգություն» կուսակցությունից՝ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, «Հանրապետություն»-ից՝ Աշոտ Զաքարյանը, ՀԱԿ-ից հեռացած Անդրանիկ Քոչարյանը և անգամ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ Կոնգրեսից ոչ ոք չէր մասնակցում Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությանը, նշեց, որ անձամբ ինքը քաղաքում չէ, և հավելեց՝ միգուցե շատերը քաղաքում չեն. «Այլապես մեր մասնակցությունը նորմալ կլիներ, հավատացեք, այստեղ քաղաքական ենթատեքստ չկա»,- նկատեց Լուդմիլա Սարգսյանը:
Tert.am-ը զանգահարեց նաև ՀԱԿ-ի մի քանի այլ անդամների՝ Վլադիմիր Կարապետյանին, Գագիկ Ջհանգիրյանին, սակայն առաջինն ընդհանրապես չպատասխանեց հեռախոսազանգին, իսկ վերջինս էլ առաջարկեց հարցի պատասխանը ստանալ Կոնգրեսի համակարգողից:
Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես»-ը պաշտոնական հայտարարությամբ իր ցավակցությունը չի հայտնել Սուրեն Սիրունյանի հարազատներին:
Հիշեցնենք, որ Սուրեն Սիրունյանը «յոթի գործով» մեղադրյալներից մեկն էր, ում առաջադրված էր ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հայտնի մեղադրանքը, այն է ՝ մարտի 1-2-ին «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:
Մինչ դատարանի կողմից չորս տարվա ազատազրկման դատապարտվելը` Սուրեն Սիրունյանը դատարանում հայտարարեց. «Ես ձեզանից (դատարանից-Tert.am) որևէ բան չեմ պատրաստվում խնդրել։ Եթե ես կարծեի, որ դուք ձեր գործունեության մեջ անկաշկանդ եք, ինձ համար ձեզանից արդարադատություն խնդրելը ամոթ չէր լինի»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սրտի կաթվածից մահացավ Սուրեն Սիրունյանը, ով ընդամենը 41 տարեկան էր:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի










