Շվեդիան Ասանժին չի հանձնի ԱՄՆ-ին, եթե այնտեղ նրան մահապատիժ սպառնա
Շվեդիայի իշխանությունները մտադիր չեն WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել Միացյալ Նահանգներին, եթե այնտեղ նրան մահապատիժ սպառնա: Այս մասին հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարարության քրեական գործերի ու միջազգային համագործակցության ծառայության տնօրենի տեղակալ Սեսիլյա Ռիդսելիուսը:
«Մենք երբեք չենք հանձնի մարդուն, ում մահապատիժ է սպառնում»,- ասել է Ռիդսելիուսը: Նրա խոսքով` մինչ Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը քննարկելը, Շվեդիան պետք է ամերիկյան իշխանություններից երաշխիքներ ստանա այն մասին, որ WikiLeaks-ի հիմնադիրը ոչ մի հանգամանքներում մահապատժի չի ենթարկվի, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ռիդսելիուսն ընդգծել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մինչ օրս Ասանժին արտահանձնելու մասին ոչ մի պաշտոնական հարցում չի ուղարկել ոչ Շվեդիային, ոչ էլ Բրիտանիային:
Նշենք, որ Էկվադորի իշխանությունները հայտարարել են Լոնդոնում այդ երկրի դեսպանատանը թաքնվող Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու մասին, սակայն բրիտանական իշխանությունները հայտնել են, որ նրան Լոնդոնի ոստիկանությանը չհանձնելու դեպքում կգրոհեն դեսպանատունը, կձերբակալեն Ասանժին ու կհանձնեն նրան Շվեդիային:










