ԱՄՆ–ը Սիրիայում կգործի` հարկ եղած դեպքում շրջանցելով ՄԱԿ-ը. Պետդեպ

09:42 • 21.08.12

Միացյալ Նահանգները Սիրիայում կգործի` շրջանցելով ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը, քանի որ վստահ չէ, որ Խորհրդի անդամները կարող են համաձայնության գալ այդ երկրում խնդրի կարգավորման հարցում:


Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը` մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) նոր հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին միջազգային հանրության առավել վճռական աջակցության հույս ունի:


«Ներկայում մենք բավական հոռետես ենք Անվտանգության խորհրդում մեծ հաջողության հասնելու հեռանկարի հարցում, քանի որ նրա ջանքերը որոշ մշտական անդամների կողմից արգելափակվել են»,- պարզաբանել է դիվանագետը` ի նկատի ունենալով Ռուսաստանին ու Չինաստանին, որոնք վետո են դրել ԱԽ-ի վերջին բանաձևի վրա:


Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել նախկին օրակարգով` Սիրիայում արյունահեղությունների դադարեցման ու քաղաքական փոփոխությունների հասնելու համար, և «եթե պահանջվի` կգործի ՄԱԿ-ի շրջանակներից դուրս»:


ԱՄՆ-ն և եվրոպական բազմաթիվ երկրներ պահանջում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը, ինչին դեմ են Ռուսաստանն ու Չինաստանը` կարծելով, որ դա երկրի ներքին խնդիրն է և պետք չէ միջամտել: